WikiLeaks-ի հրապարակումները, մասնավորապես, կապված Հարավային Կովկասի իրավիճակի հետ, սկզբունքորեն, որեւէ սենսացիոն բան իրենց մեջ չեն պարունակում: Այս մասին Analitika.at.ua-ին հայտնել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը:
«Ասենք, Ադրբեջանի դժգոհությունը հայ-թուրքական մերձեցման գործընթացի հեռանկարներից առաջ էլ էր արտահայտվում պաշտոնական հայտարարություններում: Իրանի դժգոհությունը ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների դինամիկայից նույնպես ոչ ոքի համար գաղտնիք չէ: ԱՄՆ-ի ներխուժումը Մերձավոր Արեւելք եւ Միջին Արեւելք, ինչպես նաեւ հետխորհրդային տարածք համընդհանուր անվստահություն է ստեղծում, որի հետեւանքը ոչ բարենպաստ գործընթացներն են, մասնավորապես կոնֆլիկտածին պոտենցիալի ուժգնացումը ԼՂ խնդրի շուրջ: Իրանի շուրջ մեծ պատերազմի մշուշոտ սպասումները, որը կարող է վերաձեւել Կովկասի էթնիկ քարտեզը, նույնպես նույն սերիայից են»,- ասել է փորձագետը:
Նրա խոսքով, WikiLeaks-ի սկանդալային հրապարակումները, որոնք չէին կարող ասպարեզ գալ առանց Վաշինգթոնի թույլտվության, առկա նյարդայնությանը լրացուցիչ հիմքեր են տալիս:
«Մեսիջները, որոնք միջազգային հանրությանը փոխանցում են դիվանագիտական «սենսացիաների» ոգեշնչողները, մանրակրկիտ վերլուծության եւ համարժեք արձագանքի կարիք են զգում»,- ասել է Արեշեւը:





























