Գործարար Վիկտոր Բատուրինը` Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջ` Ելենա Բատուրինայի եղբայրն իր փաստաբանից տեղեկացել է, որ իր հանդեպ դաշնային հետախուզում է հայտարարված: Նա հայտարարել է, որ իր խիղճը մաքուր է: «Իմ փաստաբանն ինձ հայտնեց, որ իրավապահ մարմինները դաշնային հետախուզում են հայտարարել իմ նկատմամբ»,- «Ինտերֆաքսին» ասել է Բատուրինը:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ գործարարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մեքենայությունների հոդվածով: Այդ տեղեկությունների համաձայն, նա Մոսկվայի կենտրոնում Տվերսկոյ-Յամսկոյ փողոցի վրա գտնվող բնակարանը վաճառել է մի քանի գնորդների, որի հիման վրա էլ հենց գործ է հարուցվել:

Միաժամանակ, Բատուրինը հայտարարել է, որ իրեն ոչ ոք չի հայտարարել, որ քրեական գործ է հարուցվել: Նա նաեւ նշել է, որ իրավապահները կարող են իր անձով հետաքրքրվել կապված քրոջ` «Ինտեկո» ընկերության սեփականատեր Ելենա Բատուրինայի հետ ունեցած իր կոնֆլիկտի հետ: «Սակայն ես ոչ մի անօրինական գործողություններ չեմ կատարել: Իմ խիղճը հանգիստ է»,- ընդգծել է նա:

Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչությունում ձեռնպահ են մնացել Բատուրինի նկատմամբ քրեական գործ հարուցելու հետ կապված որեւէ մեկնաբանությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայի նախկին քաղաքապետի կնոջ եղբայրը՝ Վիկտորն, իր քրոջը մեղադրել է հանցավոր գործունեության մեջ։ Արդարության հասնելու իր ուշացած ակտիվությունը նա բացատրել է պարզունակ փաստով. մինչեւ Լուժկովի պաշտոնանկությունը իրեն «չէր հաջողվի ճշմարտության հասնել»:

Գործարար Վիկտոր Բատուրինը հոկտեմբերի 4-ին (Լուժկովի պաշտոնանակ լինելուց հետո) Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին հայտարարություն է ուղարկել, որով խնդրել է «մանրակրկիտ կերպով ստուգում իրականացնել քրոջ հանցավոր գործունեության փաստերի առթիվ»։

Ելենա Բատուրինան «Ինտեկո» ՓԲԸ-ի սեփականատերն է։ Հայտարարության մեջ Վիկտոր Բատուրինը հաստատել է, որ բիզնեսը կիսելու համար «ինքը ստիպված է եղել խաղաղ դաշն կնքել» քրոջ հետ, քանի որ «նրա հետ վեճերում ոչ ոք արդարության չէր կարող հասնել»: Արդյունքում Վիկտոր Բատուրինը քրոջը մեղադրում է ««Ինտեկո» ՓԲԸ-ի 24 տոկոսի ապօրինի յուրացման եւ իրեն 3,5 մլրդ ռուբլու չափով աշխատավարձ չվճարելու մեջ»,- գրում է «Կոմերսանտը»:

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերի 7-ի ուշ երեկոյան «Կոմերսանտին» հայտնել են, որ դեռեւս ոչինչ չգիտեն Վիկտոր Բատուրինի դիմումի մասին։ «Ինտեկո» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից էլ ասել են, որ «գժի զառանցանքները մեկնաբանելու կարիք չկա»: