Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ազգությամբ վրացի Նիկոլայ Ցիսկարիձեն խոստովանել է, որ ավելի մեծ հաճույքով կայցելի Հայաստան, քան Վրաստան։  

«Իմ հայրենի Թբիլիսին արդեն չկա։ Ինձ համար քաղաքը մարդկանցից է բաղկացած։ Շատերը, ում ես գիտեի կամ գնացել են Թբիլիսիից, կամ էլ այն աշխարհ են հեռացել»,- ասել է Ցիսկարիձեն «Ноев ковчег»-ի հետ հարցազրույցում՝ նշելով, որ արդեն վաղուց չի եղել Թբիլիսիում։

Մոսկվայի «Մեծ թատրոնի»-ի մենակատարն ասել է, որ հարազատ կապեր ունի հայերի հետ։ «Խորթ հայրս հայ էր, եւ ես Հայաստանի ու հայերի հետ սերտ կապեր ունեմ։ Մանուկ հասակում հայերեն կարողանում էի խոսել, բայց հիմա քիչ բան եմ հիշում։ Հիմա ես շատ հայ ընկերներ ունեմ: Նրանք ամենուր են՝ Մոսկվայում, Երեւանում, Թբիլիսիում, Նյու-Յորքում, Փարիզում։ Երեւանում էլ վաղուց չեմ եղել, բայց պատճառն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Կովկասն ինձ համար շատ է փոխվել, եւ ցանկություն չունեմ վերադառնալ»,- ասել է Ցիսկարիձեն։ 

Դերասանը պատմել է նաեւ, թե երբ է «հոգնել» հայերից։ «Մի անգամ, Լոս Անջելեսից վերադարձին ամբողջ օդանավում հայեր էին, եւ միայն ես էի այլազգի։ 12 ժամ «Բոինգն» անդադար խոսում էր, ծիծաղում, կատակներ անում։ Դե պատկերացրեք, փակ տարածություն է, չես կարող առանձնանալ, բայց նաեւ միայնակ ես։ Սակայն երեւի հայ ուղեւորները ինձ «մերոնքականի»  տեղ էին դրել, որովհետեւ ես էլ եմ կովկասցի»,- նշել է նա։