Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Աստանա` մասնակցելու ԵԱՀԿ գագաթաժողովին:
«Այս պահին Աստանայի օդանավակայանում վայրէջք է կատարել ռուսական պատվիրակության օդանավը` Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ: Նրան դիմավորել են Ղազախստանի մայրաքաղաքի քաղաքապետ Իմանգալի Թասմագամբետովը, տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Ժանար Այտժանովան եւ այլ պաշտոնատար անձինք»,- ասված է Ղազախստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նախատեսվում է, որ ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակում տեղի կունենա Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Մեդվեդեւի եւ Նազարբաեւի հանդիպումը: ՌԴ նախագահը մտադիր է նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնել ֆորումի մասնակիցների հետ, հաղորդում է КазТАГ-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոյեմբերի 30-ին Աստանա կժամանեն Իսպանիայի տարածքային քաղաքականության նախարար Մանուել Չավես Գոնսալեսը, Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշլին Քալմի-Ռեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չեխիայի փոխվարչապետ Կառլ Ֆիլիպ Շվարցենբերգը եւ այլք: Մյուս պատվիրակությունները կժամանեն դեկտեմբերի 1-ին:





























