Եվրախորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը՝ քարոզչական նպատակով շարքային քաղաքացիների ողբերգությունն օգտագործելու համար։
Facebook-ի իր էջում հրապարակած հայտարարությունում Թեոխարուսը նշել է, որ 2017 թվականի հուլիսի 4-ին Ալիեւի ռեժիմը, որի համար սովորական մարդկային կյանքը մեծ նշանակություն չունի, կրկին իր բնակչությանը որպես կենդանի վահան է օգտագործել՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանը հրթիռային կայանքները տեղակայել է գյուղի մերձակայքում եւ օգտագործել Լեռնային Ղարաբաղի գնդկածության համար։
«Ադրբեջանի կառավարության դաժան ու անմարդկային մարտավարությունն է օգտագործել հասարակ մարդկանց ողբերգությունը քարոզչական նպատակով՝ խախտելով էթիկայի բոլոր նորմերը։ Անվիճելի փաստ է, որ այդ նույն կառավարությունը վճռականորեն մերժում է հետաքննությունների անկախ մեխանիզմ ստեղծելը, որը կարող է վերջ դնել հրադադարի խախտմանը, անմեղ մարդկային կորուստներին եւ բանակցությունների ու խաղաղություն հաստատելու համար բարենպաստ մթնոլորտ ստեղծել»,- ասվում է հայտարարությունում։
Թեոխարուսը նշել է, որ խորապես ցավում է ադրբեջանական կողմից անմեղ կյանքերի կորստյան համար։ Նա նաեւ կոչ է արել իրադրությամբ մտահոգ բոլոր կողմերին օբյեկտիվ լինել եւ կարծիք հայտնել՝ նշելով, որ ադրբեջանական զինված ուժերը Ղարաբաղում ԻՊ-ի ոճով մահապատիժ են իրականացնում՝ սոցկայքերում որպես ավար ցույց տալով զոհերի մարմնի մասերը եւ խեղանդամ դարձնում 90-ամյա տարեց բնակիչներին՝ ինչպես դա եղավ 2016 թվականին ապրիլին։





























