WikiLeaks-ը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր, որոնց համաձայն, ԱՄՆ որոշ շրջանակներ աջակցում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) ապստամբներին, իսկ Թուրքիան իր հերթին օգնում է Իրաքում գործող Ալ-Քաիդայի մասնաճյուղին։ Լոնդոնում լույս տեսնող «Ալ-Հայաթ» թերթը գրում է, որ Թուրքիան իր տարածքով թույլատրել է տեղափոխել համաշխարհային ջիհադի ահաբեկչական կազմակերպության զինամթերքը, ինչպես նաեւ Իրաքում ահաբեկչություններ է իրականացրել։ Մասնավորապես ֆինանսավորել է Բաղդադի կամրջի պայթյունը։

Աղբյուրը նշում է, որ Միացյալ Նահանգները աջակցել է քրդական բանվորական կուսակցությանը։ Ամերիկացիներն իրենց փաստաթղթերում նշում են, որ քուրդ ապստամբներն «ազատության իսկական մարտիկներ են եւ իսկական թուրքեր»։ Ամերիկացիները նաեւ Իրաքում ազատագրել են քրդերին գերությունից։

Նշենք, որ այս փաստաթղթերի հրապարակումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շտապել էր հայտարարել, որ դրանք շահարկումներ են, եւ չարժե այդ փաստաթղթերին ուշադրություն դարձնել։

Դավութօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան լուրջ պայքար է մղում Ալ-Քաիդայի դեմ, եւ համագործակցում է ԱՄՆ հետ` ահաբեկչության դեմ պայքարում։

Նշենք, որ WikiLeaks-ի փաստաթղթերում վարկաբեկվող բոլոր պետությունների ղեկավարները, կամ նրանց խոսնակները հայտարարում են, որ փաստաթղթերը իրականության հետ կապ չունեն, սակայն նրանցից ոչ մեկը WikiLeaks-ում հրապարակված փաստերը հերքելու համար չի համաձայնել հրապարակել իրենց ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը։