WikiLeaks-ը շարունակում է հրապարակել ԱՄՆ գաղտնի դիվանագիտական փաստաթղթերը: Դրանցից մեկը նկարագրում է չինացի մի դիվանագետի «անսովոր շիտակ» զրույցը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիիի մասին: Զեկույցը 2009թ. հունիսին Վաշինգտոն է ուղարկվել Ղազախստանում ԱՄՆ դեսպանությունից եւ մանրամասն նկարագրում է Աստանայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Հոգլանդի եւ Չինաստանի դեսպան Չեն Հոպինի ցրույցը: Չինացի դիվանագետը ասել է, որ իր կարծիքով, Ռուսաստանը նախագահ Սահակաշվիլիին հեռացնելու համար ուժ կկիրառի:
Չինացի դիվանագետը Սահակաշվիլիին որակել է «չհասունացած պետական գործիչ»: Նրա խոքով, Սահակաշվիլին Ռուսաստանին հնարավորություն ընձեռեց գրավել Աբխազիան ու Հարավային Օսիան:
Նույն փաստաթղթում նշվում է, որ չինացի դեսպանը Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին անվանել է «ավելի հասուն» քաղաքական գործիչ, քան Սահակաշվիլին եւ ավելացրել է, որ Բուրջանաձեն կարող է դառնալ Վրաստանի հաջորդ նախագահը, հաղորդում է civil.ge-ն:
Չեն Հոպինը, որը 2008-2009 թթ. Չինաստանի դեսպանն էր Ղազախստանում, այժմ Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնականն է:





























