Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 11-ին, շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի հարցաքննությունը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը կրկին հետաքրքրվեց ամբաստանյալի ստացած մասնագիտական կրթության մասին:
«4 տարվա ընդհանուր բժշկության կրթությունը եւ 6 ամսով մանկաբարձության եւ գինեկոլոգիայի մասնագիտացումը թույլ տալի՞ս է, որ զբաղվեք ռիսկային կամ պրոբլեմատիկ հղիներով, որոնք տեղափոխվում են Վերակենդանացման բաժանմունք»,- հարցրեց Մարինե Թովմասյանը:
Հարցը կարծես հունից հանեց Շուշանիկ Բախշյանին. «Մամուլի համար տրված հարցերին չեմ պատասխանում, միգուցե խորանայիք եւ իմանայիք, որ այն ժամանակ սովորում էին յոթ տարի, հիմա է, որ 4 տարի են սովորում: Ես ունեմ պետական նմուշի դիպլոմ, եւ իմ մասնագիտաղումը թույլ է տալիս աշխատել ռիսկային հղիների հետ»:
Ստացած կրթության վերաբերյալ այլ հարցերին Շուշանիկ Բախշյանը հրաժարվեց պատասխանել:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015թ. հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ Հաջորդ օրը հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: Հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» ԲԿ-ում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:
Այս գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը:


































