«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 2015թ. հուլիսին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, այսօր՝ հուլիսի 11-ին, գործով ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանից հետաքրքրվեց՝ ինչու մահացան իր դուստրն ու թոռնիկը:
«Դուք ասում եք, որ մտերիմ հարաբերության մեջ եք եղել, արել եք ամեն ինչ, ինչո՞ւ մահացավ Մերի Մարգարյանն ու իմ թոռնիկը, պատասխանեք, խնդրում եմ, կապ չունի, որ չեք ընդունում ձեր մեղավորությունը»,- Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Շուշանիկ Բախշյանին դիմեց տուժողի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանը:
Ամբաստանյալը նշեց, որ կան հիվանդություններ, որոնք նման տխուր ավարտ են ունենում: Միեւնույն ժամանակ, Շուշանիկ Բախշյանն ընդգծեց, որ երկու տարի է՝ ինքն իրեն հարց է տալիս եւ փորձում վերլուծել, թե ինչ կարող էին անել, որը չեն արել: Վաղինակ Մարգարյանը հետաքրքրվեց՝ ինչու կեսարյան հատում չարեց եւ չփրկեց իր դստերն ու թոռնիկին: Շուշանիկ Բախշյանը պատասխանեց, որ ինքը հիվանդանոց է եկել հուլիսի 27-ին առավոտյան եւ անհրաժեշտ էին համապատասխան հետազոտություններ վիճակը գնահատելու եւ ճիշտ որոշում կայացնելու: Մերի Մարգարյանի հոր հարցին, թե ինչու չեք ընդունում, որ չեք հասկացել, թե ինչ հիվանդություն է ունեցել Մերին, Շուշանիկ Բախշյանը պատասխանեց, թե ինքն ընտանիքի հետ հավասար ցավում է կատարվածի համար:
«Բա ինչո՞ւ մի անգամ չեք ցավակցել մեր ընտանիքին, մի անգամ զանգեիք կամ գայիք ու ցավակցեիք, ասեիք, որ ցավում եք, չեք հասկացել, որ ՀԵԼԼՓ է ունեցել Մերի Մարգարյանը, ինչո՞ւ, ամբաստանյալ Բախշյան»,- ասաց Վաղինակ Մարգարյանը, ինչին ի պատասխան ամբաստանյալը ոչինչ չասաց:
Այնուհետեւ հարցեր տվեց Մերի Մարգարյանի ամուսինը՝ Արթուր Հարությունյանը: Նա ամբաստանյալից հետաքրքրվեց՝ եթե ժամանակը հետ տար, ինչ կաներ:
«Շաբաթ եւ կիրակի կգայի հիվանդանոց»,- ասաց Շուշանիկ Բախշյանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015թ. հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ Հաջորդ օրը հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: Հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» ԲԿ-ում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:
Այս գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը:


































