Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հետ կապված մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։ Այս մասին հուլիսի 11-ին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մարդկության զարգացման միջազգային կենտրոն»-ի տնօրեն Թեւան Պողոսյանը։
Պողոսյանը նշել է, որ սպասելիքներ կարող են լինել միայն այն պարագայում, եթե հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարները։
«Ես հասկանում եմ, որ այդ դեպքում նրանք կխոսեին խնդրի մասին։ Բայց տվյալ պահին, լավագույն դեպքում նրանք հերթական անգամ կքննարկեն բանակցային գործընթացը, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումները, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- հստակեցրեց նախկին պատգամավորը։
Թեւան Պողոսյանի խոսքով՝ այս հանդիպման արդյունքը կարող է դառնալ արդեն նոր՝ ավելի բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու շուրջ պայմանավորվածությունը, չնայած, փորձագետի կարծիքով, նման հանդիպում կազմակերպելու համար լուրջ հիմքեր դեռ չկան։





























