Հայկական կողմը պետք է շարունակի կոշտ քաղաքականությունը։ Այս մասին հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը։

Փոխխոսնակն արձանագրեց, որ վերջին շրջանում հակամարտությունը նոր փուլ է թեւակոխել՝ Ադրբեջանը հրաժարվում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից, պարբերաբար սրում է իրադրությունն ու դիվերսիոն գործողություններ իրականացնում։ Դրա հետ մեկտեղ՝ Ադրբեջանի իշխանությունները հիտլերյան Գերմանիայի ոգով սեփական բնակչությանը որպես կենդանի վահան են օգտագործում։

Նախօրեին Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցություններն ամփոփելով՝ փոխխոսնակը երեք կետ առանձնացրեց. համանախագահները հաստատեցին բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի լուծում, հայկական կողմը հաստատեց դիրքորոշումը, որ առանց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործման հնարավոր չէ առաջընթացի հասնել, Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականությունն ու հրաժարվում է նշված պայմանավորվածություններից։ 

Դրա հետ կապված՝ փոխխոսնակը նշեց, որ հայկական կողմը պետք է շարունակի կոշտ քաղաքականությունը, ինչպես նաեւ հիշեցրեց մայիսին ՀՀ նախագահի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ եւ այն մասին, որ հարցը պետք է լուծվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Մյուս կողմից, համանախագահ երկրները պետք է ուղիներ փնտրեն՝ համաձայնությունների իրականացման նպատակով Ադրբեջանին համոզելու կամ ճնշելու համար։

Փոխխոսնակը նշեց նաեւ Թուրքիայի քաղաքական վերնախավի դերը՝ ի դեմս Էրդողանի՝ ղարաբաղյան հակամարտության սրման հարցում։

«Խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, որոնցից կարեւորագույնը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրագործումն է։ Տարածքային ամբողջականության սկզբունքը առհասարակ հակամարտության հետ կապ չունի, քանի որ Ղարաբաղը ոչ մի վայրկան անկախ Ադրբեջանի կազմում չի եղել։ Մենք կշարունակենք պնդել ու միջազգային հանրությանը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները իրագործելու կոչ անել»,- ընդգծեց Շարմազանովը։