Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների, նաեւ Աքվիլայում եւ Մուսկոկում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հռչակած 6 սկզբունքների հիման վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ ԵԱՀԿ գագաթաժողովի ամբիոնից, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից:
Նրա խոսքով, այդ սկզբունքները մեկ ընդհանրություն են, եւ դրանցից մեկը որպես գերակա ներկայացնելու ցանկացած փորձ կառուցողական չէ եւ չի նպաստի կարգավորման գործընթացին: Նա ընդգծել է բոլոր երեք սկզբունքների համատեղ կիրառման անհրաժեշտությունը՝ թույլ չտալով դրանց տարանջատումը:
Քլինթոնը նշել է նաեւ, որ հակամարտությունների չլուծված լինելը խանգարում է կայունությանը ԵԱՀԿ տարածաշրջանում, ուստի կոչ է արել ԵԱՀԿ-ին ակտիվացնել ջանքերը տարածքային կայունության հաստատման ուղղությամբ:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, գագաթաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:




























