Աբխազական ճանապարհի մասին խոսակցությունները նորություն չեն, բայց այդպես խոսակցություններ էլ մնացել են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հայկական լոգիստիկական ընկերության՝ Trans Logistic Caucasus-ի ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ռուսասատանի եւ Վրաստանի միջեւ վերջին բանակցությունները։ 

«Այդ երթուղիների գործարկումն անհամատեղելի է վրացական կողմի բազմաթիվ պահանջների հետ. Աբխազիայում՝ Փսոու գետի ափին անցակետում եւ Վրաստանի Ռոքսի թունելում պետք է հսկեն նրանց մաքսայինները։ Եթե այդ պահանջը նախկինի պես ուժի մեջ է, ապա զուտ տեխնիկապես ես այստեղ լուծումներ չեմ տեսնում։ Միայն բեռների ուղեկցումը։ Բայց միեւնույն է բազմաթիվ հարցեր են ծագում։ Եվ գլխավորը՝ հասկանալի չէ, թե երկու կողմերից ո՞րն է շահագրգռված բանակցությունների հարցում, այսինքն՝ ինչպիսի՞ ապագա ունեն։ Մենք շահագրգռված ենք, ինչ խոսք։ իսկ ահա Վրաստանն ու Ռուսաստանը, հասկանալի չէ»,- նշեց Հովհաննիսյանը։

Նշենք, որ Պրահայի բանակցություններում Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները պայմանավորվել են 2011 թվականի «Առեւտրային միջանցքների մասին» պայմանագրի իրագործման շուրջ։