Google Play խանութում 2 հավելված է հայտնաբերվել բջջային Android օպերացիոն համակարգի համար, որոնք LeakerLocker-ի շորթիչ ծրագրեր են: Ծրագիրն օգտատիրոջից փրկագին է պահանջում` հեռախոսի մեջ եղած «ամբողջ անհատական տեղեկությունների տարածմամբ» սպառնալով: Փրկագինը կազմում է 50 դոլար, վճարման համար 72 ժամ է տրամադրվում: Այս մասին նշված է McAfee հակավիրուսային ծրագրային ապահովման մշակողի պաշտոնական բլոգում, փոխանցում է ՌԲԿ-ն:
Վնասատու ծածկագիրը հայտնաբերվել է 2 հավելվածում` Wallpapers Blur HD եւ Booster & Cleaner Pro: Այս հավելվածների բեռնման ընդհանուր թիվը հասնում է մինչեւ 15 հազարի, նշված է հրապարակման մեջ:
Հավելվածները գործարկելիս օգտատիրոջից համակարգի հետ աշխատելու թույլտվություն է խնդրում: Քանի որ հավելվածներից մեկը ներկայանում է որպես հեռախոսի արտադրողականությունը բարելավող ծրագիր, օգտատերերը, հնարավոր է, ավելի հակված են նրան թույլ տալ անհրաժեշտ գործողությունները կատարել, հայտնում են McAfee-ի աշխատակիցները: Օգտատիրոջ թույլտվությունը ծրագրին հասանելիություն է տալիս սարքի ֆայլերին:
Գործարկումից հետո հավելվածը արգելափակում է հեռախոսի էկրանը եւ փրկագին պահանջում: Սակայն սարքի ծածկագիրը հետազոտելով` ընկերության մասնագետները հանգել են այն եզրակացության, որ ծրագիրը կարող է հասանելություն ստանալ միայն տեղեկությունների մի մասին: մասնավորապես` շորթիչը կարող է ստանալ զոհի էլեկտրոնային փոստի հասցեն, շփումների մասին որոշ տվյալներ Chrоme բրաուզերի մատյանը, տեղեկություններ որոշ կարճ հաղորդագրությունների վերաբերյալ, ինչպես նաեւ լուսանկարել ներկառուցված խցիկով:
Մշակողները հայտնում են, թե երաշխիք չկա, որ «գողացված» տեղեկությունները կբացահայտվեն կամ կօգտագործվեն օգտատերերի շանտաժի համար:




























