Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինները կաշխատեն Մեղրիի եւ Նուրդուզի սահմանապահ անցակետերում վերահսկողությունը պարզեցնելու ուղղությամբ: Երկկողմ համաձայնագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության հուլիսի 13-ի նիստում:
Ըստ համաձայնագրի՝ կողմերը կփորձեն բացառել անհարկի կրկնակի վերահսկողությունը, որը խանգարում է օրինական առեւտրին եւ տարանցմանը: Այդ պատճառով երկու երկրների մաքսավորները պետք է փոխադարձաբար ընդունեն միմյանց հաստատած հայտարարագրերը, որոնց տվյալները հարկ կլինի անմիջապես փոխանցել սահմանից այն կողմ, որպեսզի մյուս կողմը ստիպված չլինի կրկնակի զննել սահմանը հատողներին:
Կստուգվեն միայն այն մեքենաներն ու ապրանքները, որոնց հետ կապված հիմնավոր կասկածներ լինեն:




























