Հայաստանի առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, այժմ` Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը կասկածում է Wikileaks-ի հրապարակումների իսկությանը՝ հայկական կողմից Իրանին զենքի առաքումների վերաբերյալ:

Նրա խոսքով, եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, դժվար թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննարկեր դա Սերժ Սարգսյանի հետ ՄԱԿ-ի կուլիսներում: Նման խոսակցությունը ոչ թե կուլիսներում, այլ Երեւանում, Հայաստանում պետք է ծավալվեր առնվազն դեսպանների մակարդակով` պաշտոնապես:

«Չեմ պատկերացնում, թե իշխանություններն այնքան հիմար գտնվեն, որ այդպիսի խնդիրների մեջ ներքաշվեն: Ես ենթադրում եմ, որ եթե նման բան կատարվել է՝ չէր կարող լինել առնվազն առանց Ռուսաստանի համաձայնության, սակայն վստահ չեմ, որ Ռուսաստանը կուզենար նման խնդիր ունենալ Վաշինգտոնի հետ, երբ զանգվածային բնաջնջման զենքի հարց կա, եւ այդտեղ Ռուսաստանի դերը կարեւոր է»,- ասել է Լիպարիտյանը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում: