Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հուլիսի 15-ին, ընդունել է իտալական IDS ընկերության փոխտնօրեն Ալբերիկո Պարենտեին եւ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանին:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 14-ին IDS եւ TDS ընկերությունները հայտարարել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն սկսելու եւ 10 միլիոն եվրոյին համարժեք ներդրումով գիտահետազոտական լաբորատորիա եւ բարձր տեխնոլոգիաների ֆորենզիկ արտադրության նոր ճյուղ հիմնելու մասին:
Վարչապետ Կարապետյանը ողջունել եւ կարեւորել է մեր երկրում ՏՏ ոլորտում ներդրումային ծրագրի նախաձեռնումը եւ հավաստիացրել, որ ի դեմս կառավարության՝ իտալական ընկերությունը եւ ընդհանրապես արտասահմանյան ներդրողներն ունեն հուսալի գործընկեր:
IDS ընկերության փոխտնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին աջակցության պատրաստակամության համար եւ բարձր գնահատել Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից համագործակցություն սկսելու ուղղությամբ կատարված ակտիվ աշխատանքը: Ընդգծելով, որ Հայաստանում գիտահետազոտական ոլորտում գործունեություն ծավալելու լավ հիմքեր կան՝ Ալբերիկո Պարենտեն նշել է, որ սկզբնական շրջանում ընկերությունը նախատեսում է ներդրումներ անել ֆորենզիկ ոլորտում, բայց միայն այդ ոլորտով չի սահմանափակվելու:
Վահան Շաքարյանը եւ Ալբերիկո Պարենտեն Կարեն Կարապետյանին մանրամասներ են ներկայացրել ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ ծրագիրը կիրականացվի 5 տարում, եւ ծավալի մեծացմանը զուգահեռ կհիմնվի առանձին կենտրոն: Գործարքը հնարավոր է դարձել նաեւ հայ-իտալական ﬕջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի եւ «Հայաստան-Իտալիա» գործարար համաժողովի շրջանակում երկկողմ գործարար կապերի հաստատման ու կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերման արդյունքում:




























