Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական վկայականներն ընդունվեն Ռուսաստանում, գրում է «ՏԱՍՍ»-ը։

2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական վկայական ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Իսկ ուրբաթ՝ հուլիսի 14-ին, Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական վկայականներով։

«Ես կարող եմ ընդամենը մեկ բան ասել՝ ամրագրեք այն (ռուսերեն) որպես պաշտոնական եւ այդ պարագայում օրենքը մեխանիկորեն կտարածվի նաեւ Հայաստանի Հանրապետության վրա»,- երկուշաբթի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Վոլոդինը։

Ռուսաստանի տարածքում ազգային վարորդական վկայականներն ընդունելու հարցը բարձրացրել է Բաբլոյանը։ Նրա կարծիքով՝ Պետդումայի ընդունած օրենքից հետո, համաձայն որի՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, ՌԴ-ում վարորդ աշխատելու իրավունք են ստացել, Հայաստանի քաղաքացիները փաստացի հետին պլան են մղվել։

«Երբ քննարկում էինք այդ հարցը, մենք ընդգծեցինք, որ կարգը գործում է միայն այն երկրների պարագայում, որտեղ դա (ռուսերենի պաշտոնական կարգավիճակը) արձանագրված է օրենսդրությունում»,- իր հերթին հստակեցրել է Վոլոդինը։

Հուլիսի 14-ին պետդումայի ընդունած օրենքը «թույլ է տալիս Ղրղզստանի Հանրապետության, ինչպես նաեւ այն հանրապետություների քաղաքացիներին, որոնց օրենսդրությունում ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի, միջազգային վարորդական վկայականներն օգտագործել ՌԴ տարածքում»։

Ղրղզստանի Հանրապետությունում ռուսերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի։