Խաբեբաները գողանում են Apple-ի օգտատերերի բանկային քարտերի տվյալներն ու անձնական տեղեկությունները՝ նամակներ հղելով գոյություն չունեցող iTunes Store-ում գնումների մասին։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հակավիրուսային ESET ընկերության հաղորդագրությունում։
Նոր ավազակային համակարգն այսպիսին է. պոտենցիալ զոհն առցանց խանութից նամակ է ստանում, որտեղ ասվում է, թե Apple ID-ն գործածվել է անհայտ սարքավորման վրա՝ երգչուհի Ռիհանայի ալբոմը գնելու համար։ Օգտատիրոջն առաջարկում են անտեսել հաղորդագրությունը՝ հղման միջոցով հաստատելով կամ չեղարկելով գնումը։
Կայքում օգտատիրոջն առաջարկվում է մուտքագրել Apple ID-ն ու գաղտնաբառը, իսկ հետո լրացնել հարցաթերթիկը՝ «անձը հաստատելու համար»։
«Տվյալները մուտքագրելուց հետո էջում հաղորդագրություն է հայտնվում, որ օգտահաշիվը հաջողությամբ ստուգվել է։ Օգտատիրոջն «ուղարկում են» iTunes Store-ի իրական էջ, իսկ նրա տվյալները մնում են չարագործի ձեռքում»,- ասվում է հաղորդագրությունում։



























