Ազատության հրապարակում մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի աջակիցների հավաքը՝ նվիրված Ոստիկանության ՊՊԾ գրավման օրվան։ 

Երթի նախապես հայտարարված երթուղին այսպիսին է՝ Թումանյան-Նալբանդյան-Հանրապետության հրապարակ-Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ։

Երթի մասնակիցները վանկարկում են՝ «Մենք Սասնա ծուռ ենք» եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների անունները։

Նշենք, որ երթն ուղեկցող ոստիկաններ չկան։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթին մասնակցում են «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Մեկ տարի առաջ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի 31 անդամները գրավեցին Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային պահպանության գունդը: Զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ավելի ուշ` Գագիկ Մկրտչյանն ու Յուրի Տեփանոսյանը։ 5 ոստիկան պատանդառվեցին, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը եւ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

Խումբը պահանջում էր ազատել Ժիրայր Սեֆիլյանին եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Հենց նույն օրը ոստիկանությունը փակեց ՊՊԾ գնդին հարող բոլոր փողոցները: Խորենացի փողոցում սկսեց ինքնաբուխ հանրահավաք՝ ի աջակցություն «Սասնա ծռերի»: Հուլիսի 26-ի լուսաբացին Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերող», իր մեքենան սննդամթերքով բեռնելով, կտրեց ոստիկանական շղթան եւ սնունդ հասցրեց «Սասնա ծռերին»:

Հուլիսի 29-ին ոստիկանների եւ «Սասնա ծռերին» աջակցող ցուցարարների միջեւ բախումներ եղան Սարի թաղում եւ Խորենացի փողոցում, բերման ենթարկվեց 165 քաղաքացի: 16-ամյա Սայաթ Հարությունյանը զրկվեց աչքից:

Հուլիսի 31-ին «Սասնա ծռերը» որոշում կայացրին հանձնվել ոստիկանությանը. «Մենք ընդամենը կայծ ենք, հայ ժողովուրդը կշարունակի սկսվածը»:

Այսօր «Սասնա ծռերի» գործով անցնում է 32 հոգի: Դատավարությունն ընթանում է արտագնա նիստերով` Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում