ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 1-ին մի շարք հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների եւ պատվիրակությունների ղեկավարների հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ օրվա երկրորդ կեսին նա հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար, փոխվարչապետ Նիկ Քլեգգի եւ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ:

Սերժ Սարգսյանը Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում վիզային ռեժիմի մեղմացման, առեւտրի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաեւ մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ԵՄ հնարավոր աջակցությանը: Սերժ Սարգսյանը եւ Հերման Վան Ռոմպոն քննարկել են նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ հուլիսին մեկնարկած բանակցություներին վերաբերող հարցեր:

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգգի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը զրուցել է Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու ներդրումների խրախուսմանը, Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ:

Աստանայում այսօր երեկոյան Սերժ Սարգսյանը կմասնակցի Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անունից` ի պատիվ ԵԱՀԿ գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների կազմակերպվելիք պաշտոնական ընդունելությանը: