2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2010 թվականի դեկտեմբերի մեկից Հայաստանում գործում է նոր` Հայաստանի Հանրապետության Վարչական վերաքննիչ դատարանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարից, Դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 6 դատավորի կազմով:
Վարչական վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքների հիման վրա վերանայելու է Վարչական դատարանի կայացրած դատական ակտերը` որոշումները եւ վճիռները: Վարչական դատարանի վճիռների դեմ ներկայացված բողոքները Վարչական վերաքննիչ դատարանում քննվելու են կոլեգիալ կազմով, իսկ որոշումների դեմ ներկայացված բողոքները` միանձնյա, գրավոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրավիրելու:
Վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան:
Հայաստանի Հանրապետության Վարչական վերաքննիչ դատարանի նսատավայրն է ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9 (Երեւանի լամպերի գործարանի հարեւանությամբ):





























