Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի օրը Wikileaks-ը հրապարակել է ամերիկյան դիվանագետների նամակագրության նոր մանրամասներ, որոնցում խոսք է գնում Ղազախստանի քաղաքական վերնախավի սովորույթների մասին:
Ըստ այդմ, նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հատուկ սեր է տածում ձիերի նկատմամբ: Աստանայի մոտ գտնվող նախագահական ձիարանը հատուկ պահպանության տակ է գտնվում:
Ամերիկյան դիվանագետները անդրադարձել են նաեւ նրա փեսային՝ Թիմուր Կուլբաեւին, ով իր ծննդյան օրը համերգ է կազմակերպել ռուսական աստղերի եւ Էլթոն Ջոնի մասնակցությամբ: Իսկ Նազարբաեւի ծննդյան օրը ելույթ է ունեցել Նելլի Ֆուրտադոն:
Գրառումներում նշված է, թե ինչպես է վարչապետ Քարիմ Մասիմովը զվարճացել էլիտար գիշերային ակումբներից մեկում նախագահի աշխատակազմի ղեկավար Քայրաթ Քելիմբետովի եւ Աստանայի քաղաքապետ Ասքար Մամինի հետ: «Վարչապետն անգամ պարել է գիշերային ակումբի բեմում: Պաշտպանության նախկին նախարար Դանիիլ Ահմետովը զվարճանում է homo soveticus ոճով, հարբում՝ անգիտակից վիճակի հասնելով»,- ասված է գրառումներում:





























