Նոյեմբերրի 24-27-ին Ստամբուլում ԵԽ արդարադատության նախարարների 30-րդ համաժողովի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը կրկին փորձել է քննարկման թեման շեղել եւ հիշել իր տարածքի 20 տոկոս կորստի ու «հայկական օկուպացիայի» համար:
ԱՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը գլխավորել է Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը: Համաժողովի քննարկման ենթակա թեմաներն են եղել արդարադատության մոդերնիզացումը երրորդ հազարամյակում, արդարադատության թափանցիկությունն ու արդյունավետությունը:
ԵԽԽՎ փոխնախագահ Էրոլ Ասլան Սեբեցին իր ելույթում կարեւորել է համաժողովի քննարկման թեմաները, նա նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը կարող է կասկածի տակ դնել մասնավոր կյանքը եւ տեղեկատվության անձեռնմխելիությունը:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգը իր ելույթում նշել է, որ արդարադատության համակարգի մոդեռնիզացման արդյունքում դատական համակարգը կգործի միասնականացված եւ նույնական, ինչն էլ համակարգը կդարձնի առավել թափանցիկ: Նա մատնանշել է ԵԽ անդամ երկրների դատարաններում առկա երկու խնդիր, առաջինը այն, որ դատաքննության ժամկետները չափազանց երկար են, եւ երկրորդը, որ դատական որոշումները ոչ միշտ է, որ արդյունավետ կատարվում են: Պարոն Համմարբերգը նաեւ ողջունելի է համարել ԵԽ անդամ երկրներում քրեակատարողական համակարգերի անցումը արդարադատության նախարարություններին:
ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) նախագահ Մաուրո Պալման իր հերթին նշել , որ բանտերի ծանրաբեռնվածությունը խնդիր է, որը ԵԽ-ն դեռ չի հաղթահարել: Պետք է միջոցներ ձեռնարկել կրճատելու կալանավորման ժամկետները, ինչպես նաեւ կալանավորում խափանման միջոցը պետք է կիրառվի հազվադեպ եւ միայն որպես բացառություն: Նա նշել է նաեւ, որ ՔԿՀ-ների թվի ավելացումը չի կարող համարվել բանտերի գերծանրաբեռնվածության խնդրի լուծման արդյունավետ միջոց: Պարոն Պալման կարեւորել է նաեւ բանտային անձնակազմի վերապատրաստումների իրականացումը եւ անչափահասների պատժին այլընտրանքների ընդլայնումը:
Իսկ ահա Ադրբեջանի արդարադատության նախարարը խոսելով բանտերի գերծանրաբեռնվածության մասին, նշել է, որ Նախիջեւանում քրեակատարողական հիմնարկ կառուցելու անհրաժեշտություն է ծագել, քանի որ «Հայաստանի կողմից ագրեսիա ցուցաբերելու պատճառով» անհնար է դարձել պատշաճ կապ ապահովել Նախիջեւանի հետ եւ որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը (ընդ որում, Ադրբեջանի պատվիրակության` նախօրոք ներկայացված ելույթի տեքստերի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ նշված հատվածը բացակայում էր):
ՀՀ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը հակադարձելով այդ ելույթին, կոչ է արել չշեղվել կոնֆերանսի թեմաներից եւ նման ֆորմատի միջոցառումները չօգտագործել քաղաքական հայտարարություններ կամ ակնարկներ կատարելու համար, քանի որ երկրի անվտանգության ապահովման նպատակին ծառայող գոտիները որպես օկուպացիոն տարածքներ հայտարարելու հարցերը պետք է քննարկել համապատասխան ֆորմատով` հավատարիմ մնալով ազգային ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգային սկզբունքներին եւ բացի դա, նման հայտարարություններ անելու համար չկան իրավական որեւէ հիմնավորումներ :





























