Աստանայում, իրականում, շատ ցավալի միջոցառում է տեղի ունենում: Այսպես է մեկնաբանել ԵԱՀԿ Աստանայում տեղի ունեցող գագաթաժողովը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով, դրա վրա մի քանի գործոններ են ազդել. նախ շատ գերտերությունների, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարները չեն մասնակցում այդ գագաթաժողովին: «Այսպիսով, չի կարելի պնդել, որ Աստանայում լիարժեք գագաթաժողով է ընթանում»,- ասել է Մ. Սարգսյանը, հավելելով, որ WikiLeaks-ի բացահայտումները կրակի վրա յուղ լցրեցին:

Քաղաքագետի կարծիքով, ԵԱՀԿ գագաթաժողովի նախաշեմին WikiLeaks-ի բացահայտումները զուգադիպություն չէ եւ «արտահոսք» կազմակերպող թիմը որոշակի շահեր է հետապնդել:

«Առայժմ պարզ է մի բան. Աստանայի գագաթաժողովն ընթանում է լարված մթնոլորտում եւ, ամենայն հավանականությամբ, համաշխարհային առաջնորդներին այնքան էլ հաճելի չէ քննարկումներ անցկացնել այդ մթնոլորտում»,- ասել է նա:

Ըստ Մ. Սարգսյանի, դեռեւս WikiLeaks-ի ակնհայտ նշանակետի տակ է Թուրքիան, որի վերաբերյալ բոլորովին էլ ոչ հաճելի նյութեր են հրապարակվել:

Ինչ վերաբերում է գագաթաժողովին բովանդակային էությանը, ապա փորձագետի ներկայացմամբ, համաշխարհային լիդերների ելույթներն այդ գագաթաժողովում  հաստատում են, որ հավաքվածների մեծ մասը չեն հավատում, որ ԵԱՀԿ-ն ունակ է լուրջ խնդիրներ լուծել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նույնիսկ ներողություն էր հայտնել Թուրքիայի հետ կապված դիվանագիտական տեղեկությունների արտահոսքի համար:

Իսկ ահա Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հիացմունքով է խոսել WikiLeaks կայքի թիմի մասին: Չավեսը հայտարարել է, որ կայքն ամբողջ աշխարհին ցույց տվեց ԱՄՆ-ի «իսկական դեմքը» եւ, մասնավորապես, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դեմքը: Չավեսի խոսքով, աշխարհը տեսավ «կայսրությունն առանց պճնանքի»:

«Տիկին, Դուք պետք է լքեք ձեր պաշտոնը: Դա նվազագույնն է, ինչ կարող եք անել», - Քլինթոնին հորդորել է Չավեսը: