Wi-Fi-ը ստեղծվել է ուկրաինական տաղանդի շնորհիվ։ Այս մասին Facebook սոցկայքի իր էջում գրել է «Պյոտր Պորոշենկոյի դաշինք»-ից Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Գլեբ Զագորին։
Որպես իր տեսության ապացույց՝ պատգամավորը ներկայացրել է հոլիվուդյան դերասանուհի եւ գյուտարար Հեդի Լամարի պատմությունը, որի մշակած տեխնոլոգիաներն են հետագայում հիմք հանդիսացել Wi-Fi եւ GPS համակարգերի համար։ Զագորին հայտարարել է, որ Լամարը ծագումով Լվովից էր։
Սակայն սոցկայքի օգտատերերը նշել են, որ Զագորիի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Լամարը ծնվել է Ավստրիայում եւ երբեւէ չի ապրել Լվովում։
Հեդի Լամարը 1930-1940-ական թվականներին ամերիկացի եւ ավստրիացի հայտնի դերասանուհի էր, գյուտարար։ Լամարը ծնվել է 1914 թվականին, Վիեննայում։ Նրա հայրը՝ Էմիլ Քիսլերը ծագումով Լվովից էր։ Մայրը՝ Գերտրուդա Լիհթվիցը, հարուստ հունգարական ընտանիքից էր։




























