ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում ՄԱԿ-ի կանոնադրությունը հազվադեպ է օգտագործվել, սակայն այս անգամ այն հստակորեն տեղ է գտել, եւ երեւույթը մտորումների տեղիք է տալիս։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազությունների հայկական  կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունը։ «Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը հայտարարությունից քիչ անց հայտնվեց բարդ իրավիճակում։ Նա գագաթաժողովի ամբիոնից սկսեց հակահայկան հայտարարություններ անել, եւ Հայաստանի իր գործընկերոջ նկատմամբ ընդգծված սառը կեցվածք էր դրսեւորում»,- նշեց փորձագետը։

Սարգսյանի խոսքով՝ հավանական է, որ Ալիեւին պարզապես ստիպել են ընդունել այդ հայտարարությունը եւ ընթերցել այն, կամ էլ նա ընթերցելուց հետո է միայն հասկացել, թե ինչ կատարվեց։    

«Բանն այն է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունում հստակ ձեւակերպված է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ինչը բնականաբար Ալիեւին ձեռք չի տալիս։ Նման շրջադարձը հակամարտության բանակցություններում կարող է Ադրբեջանին ոչ ձեռնտու հետագա զարգացումների տեղիք տալ»,- նկատեց փորձագետը։

Ըստ Սարգսյանը՝ ԵԱՀԿ գագաթաժողովն անցնում է բավականին լարված մթնոլորտում։ «WikiLeaks-ի վերջին հրապարակումները լուրջ իրադրության փոփոխություններ են առաջացրել։ Այն փաստը, որ ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետը չեն մասնակցում գագաթաժողովին լուրջ անհանգստության տեղիք է տալիս։ Շատերը խոսում են, որ ԵԱՀԿ-ն կորցրել է երբեմնի ազդեցությունը, եւ հակամարտությունների լուծման լծակներ չունի։ Հայտնի է, որ գագաթաժողովում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ վերջնագրային նոտաներ են հնչել։ Շատ հնարավոր է, որ այս ամբողջ ֆոնի վրա գագաթաժողովի ավարտին ընդհանրացնող փաստաթուղթ չընդունվի, ինչն աննախադեպ կլինի»,- կարծիք հայտնեց Սարգսյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ ՄԽ համանախագահները հնարավոր է գիտակցաբար են հայտարարության մեջ ՄԱԿ-ի կանոնադրությունը ներառել, քանի որ հասկանում են իրենց երերուն դիրքերը։