Այսօր` դեկտեմբերի 1-ին ժամը 18:00-ի սահմաններում, Ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կիեւյան կամրջից մի երիտասարդ ցանկանում է իրեն ցած նետել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ նշված տարածքում իրենց ծառայությունը կատարող ոստիկանության պարեկա-պահակային ծառայության գնդի աշխատակիցները կարողացան կանխել երիտասարդի ինքնասպանությունը` երբ նա արդեն ցանկանում էր իրեն ցած նետել:
Ոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխեցին Մաշտոցի բաժին: Երիտասարդը Նոյ թաղամասի բնակիչ 21-ամյա Սամվել Կամսարի Հարությունյանն է, ով իր այդ քայլը պատճառաբանում էր նրանով, որ ոչ մի տեղ չի աշխատում եւ չի սովորում, ունի սոցիալական խնդիրներ եւ կուտակած մեծ պարտքեր, ինչի համար էլ ցանկանում էր վերջ տալ իր կյանքին:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:




























