Երեւանում հուլիսի 17-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանի դանակահարության դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է  ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ հայտնաբերել եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին։

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու հոգեբան, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան հանգամանքները:

Ավելի Այսօր՝ հուլիսի 20-ի գիշերը Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում Ռուբեն Պողոսյանը մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 17-ին, ժամը 14.40-ի սահմաններում, հենց իր աշխատասենյակում դանակահարել էին հոգեբան Ռուբեն Պողոսյանին: Նա վնասվածքներ էր ստացել դեմքի գլխի եւ վերին վերջույթների շրջանում:

Պարզվել է, որ նրան դանակահարել է 34-ամյա Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով: Հոգեբանին ծանր վիճակում «շտապօգնության» մեքենայով անմիջապես տեղափոխել են են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա մոտ առկա է եղել առատ արյունահոսություն եւ ծանր աստիճանի հեմոռագիկ շոկ: «Նրա վիճակը ծանրանում էր արյան մեծ կորստի պատճառով, որի հետեւանքով նրա մոտ զարգացել էր կրկնակի ծանր ինֆարկտ: Վիճակը ծայրահեղ ծանր է»,-հայտնել էին հիվանդանոցից:

Նշենք, որ մեր տեղեկություններով դանակահարողն իր հիվանդներից է եւ նախնական տեղեկություններով՝ ունի հոգեկան խնդիրներ: