Ամերիկյան Facebook ընկերությունը, որին է պատկանում նույնանուն սոցցանցը, սարք է արտոնագրել, որն, այսպես կոչված, մոդուլային սմարթֆոն է, որի մասերը օգտատերը կարող է սեփական ցանկությամբ փոխել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Business Insider-ը հայտնում է, որ նման գաջեթ է մշակում Facebook-ի Building 8 կոչվող գաղտնի ստորաբաժանումը:

Արտոնագրում նկարագրվում է ինչ-որ մոդուլային էլեկտրոնային սարք, որի մեջ մտնում են բարձրախոսը, սենսորային դիսփլեյը, միկրաֆոնը եւ GPS ազդանշանի ընդունիչը: Business Insider-ի մասնագետների եզրակացությամբ՝ սոցցանցն արտոնագրել է սեփական մոդուլային սմարթֆոն:

Սարքի ստեղծմամբ զբաղված են այն մասնագետները, որոնք նախկինում Google-ի համար են մոդուլային սմարթֆոն մշակել: Այս նախագիծը, սակայն, այդպես էլ չի իրականացվել: Դրանից բացի, Building 8-ի թիմի մեջ են մտնում նաեւ Apple եւ Amazon ընկերությունների նախկին աշխատակիցները:

Facebook-ից դեռեւս չեն շտապում հայտնել նոր սմարթֆոնի մշակմանն առնչվող ծրագրերի մասին: Սոցցանցի ներկայացուցիչները հայտնել են, որ ներկայումս գաղտնի ստորաբաժանումը հիմնական ուշադրությունը հատկացնում է մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի ստեղծմանը: