Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում այսօր` դեկտեմբերի 2-ին հանդիպել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը եւ Դունյա Միյատովիչն անդրադարձել են մեր երկրում ԵԱՀԿ կառույցների գործունեությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդման, բարեփոխումների իրականացմանն աջակցության ու մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության տեսանկյունից կարեւորել այդ կառույցների գործունեությունը:

Դունյա Միյատովիչը նշել է, որ ՀՀ կառավարության եւ հասարակական կազմակերպությունների հետ սերտորեն համագործակցում են նաեւ լրատվամիջոցների վերաբերյալ օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: Նա մամուլի ազատությունը խթանող կարեւոր հանգամանք է համարել Հայաստանում վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ իրականացվող քայլերը, որոնք, Դունյա Միյատովիչի հավաստմամբ, Կազմակերպության անդամ այլ երկրների համար եւս լավ օրինակ կարող են դառնալ: