Նոյեմբերի 24-ից Հայաստան մտնող գազի ծավալները կրճատվել են։ Ներկայումս Հայաստան գազը մտնում է 700 մմ տրամագծով գազատարով, որի առավելագույն թողունակությունն օրական 4,5 մլն խմ է: Սակայն ձմռան այս շրջանում գազի սպառման ծավալները կտրուկ աճում են՝ կազմելով օրական առնվազն 6 մլն խմ, որը հնարավոր է ապահովել միայն մագիստրալային 1200 մմ տրամագիծ ունեցող գազատարով։ Այսպիսով՝ Հայաստանը օրական կտրվածքով իր պահանջմունքներից պակաս է ստանում մոտ 1,5 մլն խմ գազ։

NEWS.am-ը փորձեց «Հայռուսգազարդից» տեղեկանալ, թե ե՞րբ Հայաստանը կսկսի գազ ստանալ անհրաժեշտ ծավալով, եւ ինչի՞ հետ է կապված ձմռան նախաշեմին գազամատակարարման կրճատումը։ Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից պատասխանեցին, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը գազամատակարարման կրճատումը բացատրում է մագիստրալային գազամուղի վրա վերանորոգման աշխատանքներով՝ առանց նշելու այդ աշխատանքների ավարտման հավանական ժամկետը։ Այլ մեկնաբանություններ «Հայռուսգազարդից» հրաժարվեցին անել։

Մեզ այդպես էլ չհաջողվեց իմանալ, թե 1200 մմ տրամագծով գազամուղի հատկապես ո՞ր հատվածն է վթարվել։ Հաշվի առնելով վրացական ընկերության աշխատանքի ոճը՝ չենք զարմանա, եթե պարզվի, որ նրանք այդ մասին հարկ չեն համարել տեղեկացնել իրենց հայկական գործընկերոջը։ Անկախ փորձագետ Ալեքսանդր Արամյանն ասում է, որ 1 շաբաթը լիուլի բավարար է նույնիսկ ծանր վթարները վերացնելու համար, այնինչ արդեն 8-րդ օրն է՝ մագիստրալային գազամուղը չի գործում։ Փորձագետի կարծիքով՝ Թբիլիսին պարզապես ապատեղեկատվություն է տարածում գազատարի վթարի վերաբերյալ։ «Ոչ մի վթար էլ չկա, կամ էլ վրացական կողմը բավականաչափ ինտենսիվ չի աշխատում այն վերացնելու համար։ Ամենայն հավանականությամբ՝ Վրաստանը հերթական անգամ փորձ է անում գազատարն օգտագործել՝ Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ա. Արամյանը։

Չի բացառվում, որ այդ ճնշումները բխում են Վրաստանի կողմից ադրբեջանական ընկերությանը մագիստրալային գազատարը վաճառելու մտադրությունից։ Պատահական չէ, որ այս իրավիճակը համընկավ Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի նոյեմբերի 30-ին Բաքու կատարած այցելության հետ, որտեղ նա բանակցություններ է վարել ադրբեջանական SOCAR ընկերության ղեկավարության հետ։ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւը հերթական անգամ վրաց նախարարին հիշեցրել է, որ պատրաստ է ձեռք բերել Հյուսիս-Հարավ գազատարի վրացական հատվածը, որով գազ է մատակարարվում Հայաստանին։ Նշենք, որ գազատարի այդ հատվածը տնտեսական լուրջ շահաբաժիններ չի խոստանում՝ միակ եկամուտը Հայաստան մատակարարված գազի այն 10 տոկոսն է, որ Ռուսաստանը թողնում է Վրաստանին տրանզիտի համար։

Չպետք է բացառել նաեւ, որ Վրաստանը ցանկանում է ավելացնել տրանզիտային տարիֆը՝ հավանաբար օրինակ վերցնելով Բելառուսից։ Սակայն գործող տրանզիտային սակագինն առանց այն էլ բարձր է եւ հաշվարկված է միջազգային գներին համապատասխան:

Բոլոր դեպքերում՝ Վրաստանը հերթական փուչիկն է փչել՝ մագիստրալային գազատարի վթարի մասին։ Ցավոք՝ այդ փուչիկները փչվում են հայկական գազով, եւ հայ սպառողների շահերի անտեսմամբ։

Սամվել Ավագյան