Իրանի կառավարությունը կատաղել է, հայտնաբերելով, որ Թեհրանում ռազմաօդային ուժերի շտաբի լուսանկարում, որն արվել է տիեզերքից, պարզորեն երեւում է 6-աստղանի «Դավթի աստղը», որը հրեական խորհրդանիշների ամենագլխավոր տարրն է: Այս մասին գրում է բրիտանական The Daily Mail պարբերականը:

Այդ պատկերի հայտնվելը, որը կարող էր նաեւ լույսի խաղի արդյունք լինել, անհայտ է մնում, սակայն Իրանի պաշտոնյաներն արդեն պահանջել են անմիջապես մաքրել շենքի տանիքը «ատելի» խորհրդանիշից, հաղորդում է  NEWSru Israel-ը:

Իրանական մամուլը պնդում է, որ ռազմաօդային ուժերի շտաբի շենքը կառուցվել է հրեա ինժեներների կողմից` դեռ շահ Մոհամեդ Ռզա Փեհլեվիի ժամանակ, երբ Իսրայելի ու Իրանի հարաբերությունները բավական ջերմ էին: Այն ժամանակ Իսրայելն Իրանին զենք էր վաճառում նավթի դիմաց, իսկ 2 երկրների օդանավերը պարբերական չվերթներ էին իրականացնում Թեհրանի եւ Թել-Ավիվի միջեւ:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին «Դավթի աստղը» նկատվել է նաեւ Թեհրանում Հեղափոխության հրապարակում գտնվող շենքերից մեկի ֆասադին:

Բացի այդ, այս տարվա փետրվարին իրավապաշտպանները մեղադրել էին ՑԱԽԱԼ-ին` «պաղեստինցի ժողովրդի անիմաստ նվաստացման համար»: Այս սկանդալի համար հիմք էր դարձել տիեզերքից արված լուսանկարը, որտեղ Գազայի հատվածում դաշտերից մեկում երեւացել էր տրանսպորտային միջոցի հետքը` Դավիթի աստղի տեսքով:

ՄԱԿ-ի կադրերի եւ հետազոտությունների պատրաստման ինստիտուտի տվյալներով (UN Institute for Training and Research), այդ լուսանկարն արվել է տիեզերքից` 2009 թվականի հունվարի 3-10-ն ընկած ժամանակահատվածում, երբ Գազայի հատվածում հակաահաբեկչական գործողություն էր իրականացվում: Լուսանկարի բացատրության մեջ նշվում է, որ «Դավիթի աստղը» իսրայելական տանկերի թրթուրների հետքն է` պաղեստնիցի գյուղացիներին պատկանող դաշտերում, հաղորդում է Newsru.com-ը: