Հայաստանի եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` նոյեմբերի 22-27-ին ուսումնական գրականություն եւ գույք է տեղափոխվել Վրաստան եւ փոխանցվել Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնին:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար ուսումնական գրականության եւ դպրոցական գույքի տրամադրման ամենամյա ծրագրերի շրջանակում ՀՀ ԿԳՆ-ն 2010-ին տրամադրել է 7138 օրինակ «Մայրենի»-ի դասագիրք` իրենց աշխատանքային տետրերով, 1-6-րդ դասարանների համար եւ 360 համակազմ դպրոցական գույք` ուսուցչական սեղան եւ աթոռ։ Ախալքալաքի ուսումնական ռեսուրս-կենտրոնը կազմակերպելու է հատկացումը` համաձայն նախապես ճշտված բաշխման ցուցակների:
Այս տարի գրքերը նախատեսված են Ախալքալաք, Ախալցխե, Ասպինձա, Մառնեուլ, Բորժոմ, Ծալկա, Թետրի-Ցխարո շրջանների, ինչպես նաեւ Թբիլիսիի թիվ 132 դպրոցների համար: Գույքը հատկացվելու է Ախալքալաք, Նինոծմինդա, Ասպինձա, Ախալցխե, Բարժոմ, Մառնեուլ եւ Ծալկա շրջանների դպրոցներին:




























