Աշխարհում 3D տպիչներ այսօր ակտիվորեն գործածվում են տարբեր ոլորտներում՝ բժշկությունից սկսած մինչեւ կրթություն։ Հայաստանում, սակայն, նման տպիչներն առայժմ այնքան էլ լայն տարածում չունեն։ Ավելին, երկրի շատ բնակիչներ դեռ նույնիսկ չգիտեն, թե ինչ է 3D տպիչը, ինչի համար է այն, եւ որ ոլորտներում կարելի է կիրառել:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է Արթուր Խոջաբաղյանը, AugmentAr հայկական ստարտափի հիմնադիրներից մեկը, որը 3D տպիչներ է արտադրում։
«3D տպիչներ այսօր կարելի է գործածել ոսկերչության մեջ (մեզ մոտ դա արդեն անում են), բժշկության, արդյունաբերության ու շինարարության մեջ։ Նաեւ դրանք կարող են կարեւոր դեր կատարել երեխաների ուսումնական պրոցեսում, եթե երեխաների համար հասանելի լինի 3D տպագրությունը, նրանք կկարողանան տպագրել ռոբոտներ, աշխատել հետաքրքիր նախագծերի վրա, եռաչափ մոդելավորում սովորել։ 3D տպիչները կարող են շատ կիրառումներ ունենալ. եթե նման տպիչ կա, սկսում ես ավելի լայն մտածել, նոր բաներ հորինել, փորձարկել»,- նշեց Արթուր Խոջաբաղյանը։
Գորիսում աշխատող ստարտափը Հայաստանի առաջին ընկերությունն է, որը արտադրում է 3D տպիչներ։ Ընդամենը ընկերությունն ունի 12 մասնագետ, բայց նրանցից միայն 4-ն են աշխատում տպիչների վրա, մյուսները զբաղվում են ծրագրավորմամբ ու վեբ դիզայնով։
Բզեզ անվանումը ստացած AugmentAr-ի 3D տպիչների հիմնական պատվիրատուն ներկայում UITE ՀԿ-ն է, որի համար երիտասարդներն արդեն 90 տպիչ են հավաքել։ Եվս 4 տպիչ նրանք հավաքել են առանձին մարդկանց պատվերով։ Դա, իհարկե, բավարար չէ ամբողջ երկրի համար, կարծում է Արթուր Խոջաբաղյանը։
Հայաստանում արտադրված 3D փրինթերները ավելի էժան են, քան եվրոպականները, բայց ավելի թանկ, քան չինականները։ Արթուր Խոջաբաղյանը նշեց, որ չինական տպիչների ցածր գինը, որպես կանոն, դրանց ցածր որակով է պայմանավորված, բայց ոչ բոլոր հաճախորդներն են հասկանում դա։ Բացի այդ՝ արտադրողը պետք է ունենա երաշխիքներ ու սերվիս կենտրոններ, ինչը նույնպես անդրադառնում է արտադրանքի գնի վրա, իսկ չինական տպիչների մեծ մասը ոչ մի երաշխիք չունի, ու եթե դրանք փչանում են, հաճախորդը չի կարող դիմել արտադրողին, նա ստիպված է փնտրել այլ վարպետների, որոնք կարող են սարքել դրանք։
Ապագայում, համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում, Արթուր Խոջաբաղյանը ու նրա ընկերները մտադիր են լավացնել իրենց տպիչներն ու սկսել նորերն արտադրել. մասնավորապես, նրանք ուզում են ստեղծել տպիչ, որը շոկոլադ է տպագրում, նաեւ մեծ տպիչ, որի օգնությամբ կարելի է տպագրել 1-1․5 մետր չափով դետալներ, որոնք կարելի է օգտագործել մեքենաշինության ու շինարարության մեջ։
AugmentAr-ի պատանիները եկել են Sevan StartUp Summit 2017 այստեղ նոր գործընկերներ ու ներդրումներ գտնելու ակնկալիքով, որոնք կօգնեն զարգացնել նախագիծն ու ավելի ակտիվ կիրառել եռաչափ տպագրությունը Հայաստանի ամենատարբեր ոլորտներում։ Բացի այդ՝ տղաներն ուզում են հավաքել 20-30 տպիչ, մի մասը կարելի է օգտագործել զանազան պատվերներ կատարելու համար, իսկ մնացածը թույլ կտան ավելի վստահ դուրս գալ շուկա ու սկսել գնորդներ որոնել։
Հիշեցնենք, որ Sevan StartUp Summit ամենամյա ֆորումը, որը կազմակերպել է StartUp Armenia հիմնադրամը անցնում է Սեւանա լճի ափին հուլիսի 24-ից 31-ը։ Ֆորումն ունի ավելի քան 1000 մասնակիցներ, այդ թվում 100 ստարտափեր ու մշակողների, ներդրողների, վենչուրային ընկերությունների ու մենթորների թիմեր՝ ավելի քան 10 երկրներից։
7 օրվա ընթացքում միջոցառման բոլոր մասնակիցները, այդ թվում մենթորները ու ներդրողները, կիսելու են կենցաղը, շփվելու են, մասնակցելու են տարբեր մրցույթների ու միջոցառումների։ Արդյունքում ստեղծվելու են նոր թիմեր, շատ նախագծեր կկարողանան ներդրողներ գտնել ու դուրս գալ շուկա մոտ ապագայում։ Կկազմակերպվեն նաեւ մրցույթներ, որոնք նախատեսում են ավելի քան 20 գումարային ու այլ տեսակի մրցանակներ։




























