Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության եւ գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում, Հայաստան-ԵՄ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունում ոչ մի խոսք չկա քաղբանտարկյալների մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ եվրաիտեգրացման հարցերով հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային բնույթի խնդիրներ, մասնավորապես, հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրները:

Դիտարկմանը, թե տեղեկություններ են հրապարակվել, ըստ որի հանդիպման ժամանակ եվրոպական կողմը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանին, հատկապես բարձրացնելով քաղբանտարկյալների առկայության հարցը, Զոհրաբյանը պատասխանել է. «Դա չի համապատասխանում իրականությանը: Միջոցառման արդյունքում կողմերն արդեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Այն շատ հավասարակշռված է, կառուցողական եւ որեւէ քննադատություն չի պարունակում Հայաստանի հասցեին: Ոչ երեկ, ոչ այսօր «քաղբանտարկյալ» տերմինչ չի օգտագործվել: բացի վերը նշված հարցերից, քննարկվել է նաեւ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը պարզեցնելու հարցը: Մասնակիցները շատ կարճ անդրադարձել են նաեւ ՀՀ ներքին քաղաքականությանը, սակայն շոշափվել է միայն ընտրական համակարգի խնդիրը եւ այլն»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը, հավելելով, որ հայտարարությունն, ընդհանուր առմամբ, դրական է:

Նշենք, որ հայկական մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որի, ԵՄ-ն հանդես է եկել խիստ քննադատությամբ Հայաստանի հասցեին, հատկապես ընդգծելով տասնյակ քաղբանտարկյալների առկայության մասին: Կոչ է արվել ՀՀ իշխանություններին վերջ տալ լրագրողների դեմ հարձակումներին, հիշատակվել են նաեւ այն թերությունները, որ առկա են երկրի արդարադատության համակարգում: