Գերմանիայի Վաու Հոլանդի անվան հիմնադրամը (Wau-Holland-Stiftung) WikiLeaks կայքի համար 750 հազար եվրոյի դրամահավաք է իրականացրել։ Ինչպես տեղեկացնում է Welt-ը, հիմնադրամի անդամները անդամակցում են նաեւ գերմանական Chaos Computer Club հաքերների ակումբին:
Աղբյուրը հաղորդում է, որ WikiLeaks-ի հիմնական ֆինանսավորումը կատարվում է հենց հայտնի գերմանացի լրագրող եւ ՏՏ մասնագետ Վաու Հոլանդի հիմնադրամի միջոցների հաշվին։ Բացի սերվերի սպասարկման գումարներից, հիմնադրամը միջոցներ է հատկացրել նաեւ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջի ճանապարհորդությունների համար, եւ վճարում է կայքի 10 աշխատակիցների աշխատավարձերը։
Հիմնադրամի կայքում այժմ նվիրատվություն կատարելու մասին հայտարարություն է տեղադրված, իսկ դրա նախագահ Վինֆրիդ Մոտցկուսը խոստացել է առաջիկայում հայտարարել ֆինանսների հավաքագրման վիճակագրությունը։





























