Հայաստան համակարգիչներ ներկրելիս եվրասիական փորձաքննությունը հաջողվել է պարզեցնել ու արագացնել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Յունիքոմփ» ՍՊԸ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը (Հայաստանում համակարգչային տեխնիկայի ամենախոշոր բաշխիչը)։
ԵՏՄ մուտք գործելուց հետո հայ ներկրողների համար բարդացել էին տեխնիկա ներկրելու գործընթացները։ Գաջեթներ ներկրելիս եվրասիական օրենքները Ազգային անվտանգության ծառայության մաքսային փոձաքննություն են պահանջում՝ կապված ապրանքի խմբաքանակում ծածկագրային (կրիպտոգրական) միջոցներ չլինելու հետ։ Դրանց պատկանելությունը որոշվում է ծածկագրային միջոցների ու ապրանքների բնույթի ծանուցման միասնական ռեեստրով։ Այդ գործընթացների համար շուրջ 15 օր է անհրաժեշտ եղել։
Հայ ձեռներեցները Եվրասիական տնտեսական հանձնաժողվոում բարձրացրել են այդ հարցը, որտեղ անմիջապես սկսել են պարզել ուշացումների պատճառները։ Քննարկումների ընթացքում լուծումը գտնվեց՝ փորձաքննության ժամանակը կրճատվեց՝ հասնելով առավելագույնը 5 աշխատանքային օրվա, իսկ գործնականում՝ ավելի քիչ։
«Եթե ակնհայտ է, որ տեխնիկան չի կիրառվի կենցաղում եւ հատուկ հանձնարարություննր կատարելիս, պետք չէ բարդացնել գործընթացը։ Այդ մոտեցումն ընդունվել է եւ արդեն գործում է մի քանի ամիս», -հավելեց Բալդրյանը։
Պարզեցումն ազդել է նաեւ համակարգիչների գնի վրա։ «Ուշացման յուրաքանչյուր ավելորդ օր ծախս է։ Այժմ դրանք կրճատվել են»,-հստակեցրեց նա։




























