Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա կրակոցներ արձակելը խստիվ դատապարտելի է եւ ի ցույց է դնում Ադրբեջանի բարբարոսական էությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Անթույլատրելի է ադրբեջանցիների տմարդի վարքագիծը. կրակահերթեր արձակելով՝ թույլ չտալ գյուղացիներին հավաքել իրենց բերքը։ Միջազգային կազմակերպությունները պարտավոր են արձագանքել այս հանցագործ գործելաոճին։ Սա ոչ այլ ինչ է, քան բարբարոսություն»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում հավաքել վտանգավոր տարածքում գտնվող ցորենի դաշտերի բերքը, քանի որ ադրբեջանական կողմը կրակում է դաշտում աշխատող գյուղացիների վրա: Հուլիսի 28-ին հակառակորդը կրակել էր հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի վրա:




























