Առաջին կիսամյակում Հայաստանում նվազել է ամուսնությունների թիվը։ Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։
Նրա խոսքով՝ ամուսնությունների թիվը նվազում է։ 2015 եւ 2016 թվականների միեւնույն ժամանակահատվածում այն կազմում էր 8582 եւ 7739՝ համապատասխանաբար, իսկ 2017 թվականին՝ արդեն 7234։ Ամուսնալուծությունների վիճակագրությունը եւս հավասարաչափ չէ՝ նախ 1900, ապա՝ 1753, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակում՝ 1949։
Այսպիսով, եթե 2 տարի առաջ կես տարում հազար մարդուն 6 հարսանիք էր բաժին ընկնում (5.8), այժմ դրանց թիվը 5-ից քիչ է (4.9)։ Իսկ ամուսնալուծությունների թիվը 1.2-1.3-ի մակարդակում է մնում։



























