Ինտերնետ կայքերի մրցանակաբաշխության ArmNet Awards մրցույթի առաջին փուլն ավարտված է։ Արդեն հայտնի են հանրային քվեարկության արդյունքում կայքերի դասակարգումն ըստ հավաքած քվեների: Քվեարկության փակման պահին գրանցվել է 121.4 հազ. քվե` 640 կայքերի օգտին:
Մրցույթի կազմակերպիչները նշում են, որ քվեարկության ընթացքում գրանցվել են կանոնների խախտումներ: Այսպես՝ նույն օգտագործողը մեկ կայքի օգտին մեկից ավելի անգամ չի կարող քվեարկել: Սակայն ինտերնետի հնարքներին տիրապետող որոշ մասնակից կայքեր, կիրառելով այս կամ այն մեթոդը, կարողացել են շրջանցել արգելքը եւ թույլ են տվել չարաշահումներ:
Ուսումնասիրելով քվեարկության արդյունքները՝ նաեւ մի շարք զարմանալի երեւույթների ականատես եղանք:
Նշենք, որ ամենաշատ ձայներ հավաքած կայքերի ցանկն արդեն տեղադրված է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։ Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի վեբ- կայքը՝ sarm.am-ը։ Նշենք, որ ArmNet Awards մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի բարձր հովանու ներքո։ Ստացվում է, որ մրցույթի կանոնները ամենաշատը խախտել են հենց նույն մրցույթը հովանավորող կառույցի օգտին։ Կամ՝ երրորդ տեղում է hayland.am-ը։ Սա էլ փոխկապակցված է մրցույթի մեկ այլ կազմակերպչի՝ SPMS ընկերության հետ։ Ինչն է՞ այդ դեպքում մտահոգել կազմակերպիչներին։ Հավանաբար այն հանգամանքը, որ երկրորդ հորիզոնականում է գտնվում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս Հայկ Ակարմազյանի կայքը՝ akarmazyan.com-ը։ Կամ էլ գուցե առաջին տասնյակը դասավորվել է ոչ այն ձեւով, որ պետք է։
Հարկ է նշել, որ ամենաշատ ձայներ հավաքած կայքերի մեծ մասը հանրությանը կամ հայտնի չեն, կամ հայտնի են շատ քիչ, ու շատ ցածր վարկանիշ ունեն։ Իսկ բարձր վարկանիշ ունեցող հայտնի կայքերը հայտնվել են ստորին դիրքերում, անգամ հարյուրակ չեն մտել։ Օրինակ՝ մրցույթին մասնակցել են այնպիսի հայտնի լրատվական կայքեր, ինչպես a1plus-ը, lragir.am-ը, panorama.am-ը։ Եւ ի՞նչ՝ օրական 10 հազարից ավելի այցելու ունեցող այս կայքերը զբաղեցնում են համապատասխանաբար 101-րդ, 157-րդ եւ 120-րդ տեղերը։
Ակնհայտորեն չի բերել նաեւ կառավարության e-gov.am կայքի բախտը, որն իրավամբ համարվում է պաշտոնական լավագույն կայքէջը։ Բայց արի ու տես, որ կառավարության հպարտության առարկան ընդամենը 112-րդ տեղում է։ Ընդ որում՝ բոլոր այս հանրահայտ կայքերը հարյուրից ավելի ձայն չեն հավաքել, այնինչ առաջին տասնյակի անհայտ կայքերը 1000-ից ավելի ձայներ ունեն, ուստի քվեարկության արդյունքների վերահաշվարկն այստեղ էապես ոչինչ չի փոխի։
Անշուշտ՝ հանրային քվեարկության արդյունքները կարող են նաեւ սուբյեկտիվիզմ պարունակել։ Սակայն կազմակերպիչների խնդիրն է՝ այդ սուբյեկտիվիզմը հասցնել նվազագույնի։ Օրինակ՝ քվեարկության ընթացքը շատ ավելի հրապարակային դարձնել՝ ապահովելով համապատասխան գովազդային սպասարկում։ Ի վերջո՝ այնպիսի հովանավորի առկայությունը, ինչպես «Օրանժ Արմենիան» է, թույլ է տալիս ավելի լրջացնել մրցույթի բովանդակությունը։ Իսկ կազմակերպիչների որոշումը՝ հաղթողներին դասակարգել ժյուրիի ընտրությամբ՝ առանձնապես օբյեկտիվ լուծումների հույս չի ներշնչում։
Նշենք, որ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան ArmNet Awards 2010-ի հաղթողները, տեղի կունենա դեկտեմբերի 4-ին։




























