Արտոնագիր ստացած ռադիոկայանները պարտավորված չեն լինի անմիջապես թվային հեռարձակման անցնել, բայց նրանք պետք է սկսեն նախապատրաստական աշխատանքները, գնեն անհրաժեշտ տեխնիկական միջոցները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հեռուստաընկերության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ անցում կատարել թվային ռադիոհեռարձակման, որը նախատեսված է վերջերս խորհրդարանում ընդունված օրենքով։ 

Նրա խոսքով՝ օրենքը թվային ռադիոհեռարձակման անցնելու վերջնաժամկետ չի սահմանել, «ճանապարհային քարտեզը» մշակում է կառավարությունը։ Բայց հեռարձակման արտոնություն ստացած ռադիոկայանները պետք է պատրաստ լինեն թվային հեռարձակման անցնելու ձեւաչափին։

«Հանձնաժողովը ժամկետներ չի սահմանում, որովհետեւ թվային հեռարձակումը դեռ ծայրահեղ անհրաժեշտ պայման չէ, առանց որի անհնար է։ Նկատեմ, որ Եվրոպայում թվային հեռարձակման ամբողջությամբ անցել է միայն Նորվեգիան։ Մյուս երկրներում թվային ձեւաչափը գործում է միայն թեստային ռեժիմով։ Իսկ շատ երկրներում հեռուստատեսությունն արդեն թվային է, ուստի այստեղ մենք պետք է ավելի վաղ անցում կատարեինք, ինչն էլ արեցինք»,- նշեց Բունիաթյանը։