Մոտավոր տվյալներով՝ հանրապետությունում ռադիոընդունիչների կեսից ավելին անալոգային են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հեռուստաընկերության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք որեւէ հետազոտություն անցկացվել է այն բանի շուրջ, թե բնակչության որ շերտն ունի ռադիոընդունիչներ, որոնք կարող են թվային ազդանշան ընդունել։
Խոստովանելով, որ Հայաստանում շատերը ռադիո լսում են տրանսպորտում եւ ավտոմեքենայում, եւ նրանք այժմ կզրկվեն նման հնարավորությունից, Բունիաթյանը նշեց. «Նոր ավտոմեքենաները վաճառվում են արդեն տեղադրված թվային ռադիոընդունիչներով։ Ուստի ավտոմեքենաների թարմացման հետ մեկտեղ թվային ընդունիչներն ավելի շատ կդառնան»։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը վերջերս օրենք է ընդունել, որը նախատեսում է անցում կատարել թվային ռադիոհեռարձակման, սակայն պատգամավորները վերջնաժամկետ չեն սահմանել՝ դա թողնելով կառավարությանը։ Այստեղ եւս հանրապետությունը «բոլորից առաջ է անցել». Եվրոպայում թվային ռադիոհեռարձակում իրականացնում է միայն Նորվեգիան։



























