Հայաստանը կարեւորում է Իրանի հետ ելքի եւ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը։ Այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրանական «Շարղ» թերթին տված հարցազրույցում։

«Հայաստանը կարեւորում է Իրանի հետ ելքի եւ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչն իր դրական ազդեցությունն ունի գործարար կապերի ընդլայնման, տնտեսական եւ ներդրումային ոլորտի, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանման վրա: Ինչպես մի առիթով նշել է իմ գործընկեր հարգարժան պարոն Հասան Ռոհանին, այսօր պատնեշների փոխարեն պետք է կամուրջներ կառուցել: Իմ կարծիքով՝ մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման վերաբերյալ որոշումը մեր ժողովուրդների միջեւ բարեկամության նոր կամուրջ է»,- նշել է Սարգսյանը։

«Մեր դիտարկումներով՝ մուտքի արտոնագրերի պահանջի վերացումից հետո գրանցվել է իրանցի զբոսաշրջիկների շեշտակի աճ: Այսօր շուկայում արդեն ձեւավորվում են իրանցի այցելուների մշակութային նախասիրություններին համապատասխան զբոսաշրջային ծառայություններ: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում լրացուցիչ եւ ավելի հարմարավետ ենթակառուցվածքների ստեղծման, սպասարկման որակի բարձրացման, մեր հարուստ պատմամշակութային ժառանգության ներկայացման, դեպի Հայաստան ավիաչվերթերի քանակի ավելացման ուղղությամբ: Հայաստանն ունի ներկայանալի մշակույթ, անվտանգության բարձր մակարդակ եւ հյուրընկալ ու աշխատասեր ժողովուրդ, ինչը մեր երկրի մրցակցային առավելություններից է նաեւ զբոսաշրջության ոլորտում»,- նշել է Սարգսյանը: