Տիեզերական տարածքում հազվագյուտ հանքանյութեր արդյունահանելու ծրագրերը պաշտպանված են նոր օրենքով, որն ուժի մեջ է մտել Լյուքսեմբուրգում։ Օրինագիծը թույլ է տալիս կյանքի կոչել այն, ինչ մինչեւ վերջերս ֆանտաստիկա էր համարվում։ Reuters մեդիաընկերության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Լյուսքեմբուրգի փոխվարչապետ ու էկոնոմիկայի նախարար Էտյեն Շնեյդերը։

Լյուքսեմբուրգը կդառնա Եվրոպայի առաջին երկիրը, որտեղ կստեղծվի իրավական հիմք Երկրի սահմաններից դուրս արդյունահանված ռեսուրսների նկատմամբ մասնավոր օպերատորների իրավունքների ապահովման ու պաշտպանության համար։ Նոր օրենքը հիմնված է այն ենթադրության վրա, որ Տիեզերքի ռեսուրսները կարող են լինել մասնավոր անձանց ու ընկերությունների սեփականությունը։ Այն սահմանում է տիեզերքի հետազոտության առաքելությունների գործունեության ու հսկողության կարգը։

«Երբ ես մեկ տարի առաջ հանդես եկա այս նախաձեռնությամբ, մարդիկ ինձ խենթ էին համարում,- ասել է Շնեյդերը,- Բայց մենք դիտարկում ենք դա որպես բիզնես, որը ունի ներդրումների շահութաբերություն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում»։ Նրա խոսքով նոր տեխնոլոգիաները արդեն ստեղծում են շուկաներ, որոնք կարող են լցվել տիեզերքից արդյունահանվող նյութերով։ Շնեյդերի խոսքով Միջազգային տիեզերական կայանում արդեն անցնում են տեխնոլոգիական փորձարկումներ, որոնք վերաբերում են 3D փրինթերներով վերամշակման համար հումքի մատակարարումներին։