Իտալացի մասնագետներն այս ամիս նորից Արցախ կժամանեն՝ Դադիվանքի վանական համալիրի մաքրման եւ վերականգնման աշխատանքները շարունակելու նպատակով (ֆոտոռեպորտաժ):

Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իտալացիները պետք է մաքրեն պատերի արձանագրություններն ու դռների մոտ գտնվող զարդաքանդակները:

«Արդեն ավարտել ենք 4 մատուռների վերանորոգման աշխատանքները, մնացել է միայն դռները տեղադրենք: Որմնանկարների վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտել ենք, հիմա պետք է վերականգնենք արձանագրություններն ու դռների մոտ գտնվող զարդաքանդակները»,- ասաց Տեր Հովհաննեսը:

Վանական համալիրի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թվականին:

Նշենք, որ իտալացի մասնագետները նախկինում նույնպես Դադիվանքում վերականգնողական աշխատանքներ են կատարել. հենց նրանք են վերականգնել եկեղեցու որմնանկարները:

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի