Շամիրամ գյուղում այսօր՝ օգոստոսի 1-ին, հնչած կրակոցների հետեւանքով Աշտարակի հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից մեկը դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից՝ նշելով, որ 41-ամյա Հասան Դալիյանն ունեցել է ոտքի թեթեւ վիրավորում եւ իր ցանկությամբ դուրս է գրվել հիվանդանոցից:
Մյուս երկու վիրավորներից 46-ամյա Խալիլ Ալիյանը ենթարկվել է ոտքի վիրահատության, այս պահին նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, իսկ 69-ամյա Ամուր Խուդոյանը, որը նույնպես ոտքի հրազենային վիրավորում ունի, հիվանդասենյակում է:
Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող 3 վիրավորները՝ Տոսուն եւ Խըդր Սմոյաններն ու Ֆայզու Օզմանյանը գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը ծանր է:
Իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող մեկ վիրավորը՝ Մանուկ Խուդոյանը, դուրս է գրվել հիվանդանոցից:
Այսպիսով, հիվանդանոցում գտնվող վիրավորների թիվը 5 է, իսկ մահացածները 4-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում անհայտ անձը մտել է գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահը եւ «Սայգա» տեսակի որսորդական հրացանով կրակել այնտեղ գտնվող անձանց վրա: Նախնական տեղեկություններով, կա 4 զոհ եւ 7 վիրավոր:
Նշենք, որ Շամիրամը եզդիաբնակ գյուղ է, այս պահին իրավապահները դեպքի վայրում են, կասկածյալը որոնվում է: Մեր տեղեկություններով, իրավապահներին հայտնի է նրա ինքնությունը։











