Դեպի արեւմտյան քաղաքներ ուղեւորություններ ծրագրող Tripplanera կազմակերպիչ-հավելվածը արդեն մի քանի հազար ակտիվ օգտատերեր է ձեռք բերել արտասահմանում։ NEWS.am-ի թղթակցին նախագծի հեղինակ Համայակ Տիգրանյանը հայտնել է , որ հավելվածը անհատականացնում է որոնումը՝ հաշվի առնելով օգտատերերի հարցումները ու կազմում է քաղաքի երթուղին՝ նրանց նախասիրությունների համաձայն։ Նախագիծը ներկայացվել էր Sevan Startup Summit տեխնոլոգիական նախագծերի մրցույթում, որն անցել է հուլիսի վերջին օրերին Սեւանա լճի ափին։

«Մենք ներառում ենք տվյալներ ոչ միայն տեսարժան վայրերի, այլեւ համերգների ու միջոցառումների մասին։ Աշխարհում իհարկե կան այլ տուր- պլաներներ, սակայն դրանք չունեն միջոցառումների մասին տվյալների թարմացվող բազա»,- նկատեց նա։

Tripplannera-ն արդեն մոտ 3 հազար ակտիվ օգտատեր ունի։ Ամենաշատը ԱՄՆ-ից, հետո ՝ Եվրոպայից, Ճապոնիայից ու արաբական երկրներից։ «Ընդ որում ակտիվ օգտատերերի քանակը մեզ մոր ամեն ամիս աճում է 25 տոկոսով»,- նկատեց Տիգրանյանը։

Հավելվածը գործում է 6 քաղաքների համար՝ Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի, Հռոմի, Բարսելոնայի ու Մյունխենի։