«Սասնա ծռեր-18»-ի դատական նիստը շարունակում է ընթանալ լարված պայմաններում։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե փաստաբանները միջնորդեցին դատավորին, որ ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանին բերեն նիստերի դահլիճ եւ նա բոլորի ներկայությամբ հայտարարի, թե արդյոք իր նկատմամբ բռնություն կիրառե՞լ են ոստիկանները, թե՞ ոչ։ Սակայն պաշտպանների միջնորդությունը դատավորը մերժեց։

Արտուշ Գաբրիելյանը ընթերցեց զեկուցագիր, ըստ որի՝ Հովհաննես Հարությունյանը ՄԻՊ ներկայացուցիչներին հայտնել է, թե իր նկատմամբ որեւէ բռնություն չի կիրառվել։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 2-ին Հարությունյանին դատարանի դահլիճից ոստիկանները հեռացրել էին քաշքշելով եւ ուժ կիրառելով։ Չնայած պաշտպանների պնդումներին, որ նա անձամբ հայտարարի, թե իր նկատմամբ ինչ է տեղի ունեցել, դատավորը առաջարկեց նրանց Հարությունյանին տեսակցել քրեակատարողական հիմնարկում։

Փաստաբանները միջնորդեցին, որ դատավորը հետաձգի նիստը, քանի որ նիստին 20 պաշտպաններից ներկա են միայն չորսը, սակայն դատավորը մերժեց միջնորդությունը՝ հայտարարելով, թե նրանք չէ, որ իրեն պետք է սովորեցնեն իր իրավունքները ու պարտականությունները։ Դրանից հետո դատավոր Արտուշ գաբրիելյանը ընդմիջում է հայտարարել։