Zangi-ն առաջին հայկական ընկերությունն է, որը GITEX 2017 համաշխարհային նշանակություն ունեցող ՏՏ ցուցահանդեսում ներկա կգտնվի սեփական տաղավարով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Zangi-ի գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ ընկերությունը ներկայացնելու է ամբողջական ՏՏ արտադրանք:
«Սա իսկապես մեծ իրադարձություն է ոչ միայն մեզ համար, այլև Հայաստանի, որպես տարածաշրջանային ՏՏ ներուժ ունեցող երկրի: Համեմատական անցկացնեմ ֆուտբոլի հետ: Պատկերացրեք, որ հայկական ինչ որ ֆուտբոլային թիմ մասնակցի Չեմպիոնների Լիգայի հիմնական խաղերին: Այս ցուցահանդեսին մեր մասնակցությունը սեփական տաղավարով, պատրաստի պրոդուկտով նույնն է: GITEX 2017-ին սեփական ստենդով մասնակցում են IT հսկաները, նախ որովհետեև մասնակցությունը բավականին թանկարժեք է, իսկ հետո պետք է համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք առաջարկես: Հիմա մենք մարտահրավեր ենք նետում, ու պատրաստ ենք դիմակայել, թե մրցակիցներին և թե շուկայի հետաքրքրությունը»,- ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Zangi-ն աջակցում է նաև 5 այլ հայկական ընկերության մասնակցելու GITEX 2017-ին: «Այդ ընկերությունների համար արդեն պատրաստվում է անհրաժեշտ տպագրական նյութերը, որ ցուցահանդեսին ներկայացվի մեր տաղավարում: Օգնելու ենք, որպեսզի հայկական մյուս ընկերություններն էլ միջազգային կապեր ստեղծեն ու գործընկերներ գտնեն»,-նշեց Zangi-ի տնօրենը` ավելացնելով, որ Հայաստանյան ՏՏ ոլորտն արդեն ունի այն անհրաժեշտ ներուժն ու արտադրանքը, որպեսզի միջազգային շուկայում իր տեղը սեփական արտադրանքով զբաղեցնի: «Ես համաձայն եմ, այն գաղափարի հետ, որ Հայաստանը մեծ ներուժ ունի ՏՏ ոլորտում, և ապագայում այն իր տեղն է ունենալու աշխարհի ՏՏ ոլորտի քարտեզի վրա, բայց դրա համար պետք է ռեալ քայլեր անել, ու դա պետք է անել հիմա: Նաև կոչ եմ անում հայկական մյուս ընկերություններին օգտագործել միջազգային բիզնես հարթակները, ակտիվ լինել, ծանոթություններ ստեղծել, որովհետև իսկապես մեր երկրում շատ լավ գաղափարներ արդեն պրոդուկտի են վերածվել, սակայն միջազգային շուկան դրա մասին չգիտի: Պետք է ակտիվ լինենք, արտադրանքը ցուցադրենք, որպեսզնի նաև ներդրումային շուկան ակտիվանա»,- նկատեց Մարտիրոսյանը:
Նշենք, որ Դուբայում կազմակերպվող GITEX տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսը համաշխարհային նշանակություն ունեցող բիզնես միջոցառում է: Այն դարձել է Արեւմուտքի և Արեւելքի տեխնոլոգիական նորարարությունների ցուցադրման ու նոր գործընկերներ գտնելու հեղինակավոր բիզնես հարթակ: Ցուցահանդեսը տևում է 5 օր, այս անգամ՝ հոկտեմբերի 8-12-ը:




























